Goal.com-ի անցկացրած քվեարկության արդյունքում 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին: Քվեարկությանը մասնակցել են 500 փորձագետ աշխարհի տարբեր պետություններից:

Չնայած որ լավագույն ֆուտբոլիստը Բարսելոնայից է, սակայն լավագույն տասնյակում գերակշռում են Բավարիայի խաղացողները, որոնք այս տարի դարձան Չեմպիոնների Լիգայի հաղթող: Այսպես հարցման արդյունքների համաձայն երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանկ Ռիբերին, չորրորդ հորիզոնականը Թոմաս Մյուլլերը, հինգերորդը Արիեն Ռոբենը և յոթերորդը Ֆիլիպ Լամը:

Վարկանիշային աղյուսակում ալավագույն եռյակը սահմանափակում է Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն:

Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Տոտենհեմի խաղացող Գարեթ Բեյլը, ութերորդը` «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Տիագո Սիլվան, իներորդը` Յուվենթուսի ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ռոբի Վան Փերսին: