Այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված է խիստ հսկողություն:                                                                                                                           

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել  ուղետարների վերանորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: 

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցների, ինչպես նաև մայրաքաղաքի մշակութային, կրթական, առողջապահական հիմնարկների հարակից փողոցների գծանշման աշխատանքները: Ըստ այդմ, գծանշվել են 33 դպրոցների հարակից հատվածներ, տեղադրվել է 50 նոր, վերանորոգվել՝ 16 ճանապարհային նշան: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:

Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների և դրանց անցկացման վերաբերյալ: 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն