ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:
«Օրեր առաջ Ադրբեջանի ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները, շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները` վիրավորվել»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները:
«Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- հայտնել է վարչապետը:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն:
«Դառնալով Հայաստանի վարչապետ, ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ նման բան է ասել»,- նշել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հավելել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					