Ըստ Կիպրոսի «Geopolitical Cyprus» վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։ Այս մասին գրում է Razm.info մասնագիտացված կայքը:


Այս տեղեկությունն, անշուշտ, լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն դրա հավաստիության օգտին այլ փաստեր էլ են խոսում։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը, որի անդամ էր նաև գեներալ Քահյան:Հատկանշական է, որ այդ հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարը և Թուրքիայի առանձին զորատեսակների հրամանատարները, որոնց ֆոնին Քահյայի զբաղեցրած պաշտոնը (ՊՆ փոխնախարարի տեղակալ) համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը այդ հանդիպմանը ուներ բացառապես գործնական նշանակություն։