Կաշառք վերցնելու և թմրանյութ փոխադրելու կասկածանքով կալանավորվել է քաղաքացի Ա.Ավագյանը և ոստիկանության  աշխատակից Տ.Աղաջանյանը: 

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախորդ շաբաթ` հուլիսի 25-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ.Աղաջանյանի մոտից Նուբարաշեն ՔԿՀ աշխատակիցներն անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսներ, որոնցից մեկի մեջ եղել են բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր և մի լիցքավորիչ, որտեղ ոստիկանը լցրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանի տեղեկացմամբ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Միքայել Ահարոնյանը թղթակցի հետ զրույցում նշել է, որ պարզվել է, որ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը Տ.Աղաջանյանին հանձնել է Երևանի բնակիչ Ա.Ավագյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մ.Ահարոնյանի տեղեկացմամբ` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ` Տ.Աղաջանյանի և Ա.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս պահին նրանք կասկածյալներ են, քանի որ նրանց մեղքն ապացուցված չէ և դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի` 30.07.2013թ. համարում: