Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ:
Մշակույթի կենտրոնի ակտիվիստներից Մինաս Սահակյանի խոսքով` կամավորները հիմնականում հայերը են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ երկքաղաքացիություն ունեցողներ: «Կան նաեւ հույներ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է Սահակյանի խոսքերը:
Նրա խոսքով` հիմնականում երիտասարդներ են գնում, բայց կան նաեւ 40 տարեկան մարդիկ: «Կանայք կան: 42-ամյա մի կին գրանցվել է որպես կամավոր` ամուսնացած, ունի երեխա, նա գնում է բանակ` օգնելու: 18 տարեկան աղջնակ կա: Իմ աղջիկը եւս որպես կամավոր է գնում»,- ասել է Սահակյանը:
Նրա խոսքով` կամավորների զորակոչը հայտարարվել է ամբողջ աշխարհում: «Ամերիկայում հաշվառված է 10 հազար մարդ: Առաջին ինքնաթիռն արդեն թռել է Հայաստան: Ամերիկայում ավելի քան մեկ միլիոն հայ է ապրում: Ֆրանսիայում կան շատ կամավորներ: Ռուսաստանում հինգ հազար մարդ է գրանցվել որպես կամավոր»,- ասել է նա:
Աղո անունով 30-ամյա հայը, ով գրանցվել է որպես կամավոր, ասել է, որ իր ընտանիքը 20 տարի ապրում է Հունաստանում:
«Ես 12 ամիս ծառայել եմ հունական բանակի զրահատանկային ստորաբաժանումներում` Էվրոսում` Թուրքիայի հետ սահմանին: Ես ռազմական պատրաստություն ունեմ, զենքի հետ վարվել գիտեմ: Բայց երբ ես բանակում էի 11 տարի առաջ, այդպիսի բախումներ չեն եղել, երբ կրակեն միմյանց վրա»,- ասել է Աղոն:
Ծնողներն անհանգստացած են, բայց սատարում են որդու որոշումը, ասել է Աղոն: «Մայրս անհանգստացած է, բայց ասաց, որ հպարտ է ինձանով: Կրտսեր եղբայրս նույնպես անհանգստացած է, բայց նա ասում է` գնա: Հայրս մահացել է, երբ ես փոքր էի, իսկ խորթ հայրս, ով հույն է, լիովին աջակցեց ինձ»,- ասել է Աղոն` հավելելով, որ «այսօր-վաղը» սպասում է Հայաստան մեկնելուն: