Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով այս պահին էլ ընթանում են մարտական գործողություններ. հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով:
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:
«Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- նշեց Սարումյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է:
Սարումյանը հայտնեց, որ հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը:
«Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուն:
Հակառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի 2-ին հասցված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել: