Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն անդրադարձել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, միացել ակցիային՝ «Ինստագրամի» իր էջում հրապարակելով կարմիր լուսանկար:
Էլթոն Ջոնը լուսանկարին կից գրել է. «Ես այսօր միանում եմ մյուսներին ՝ կարմիր քառակուսի լուսանկար հրապարակելով, քանի որ մենք հայերի համար խաղաղություն ենք ուզում: 2018-ի մայիսին ես այցելել եմ այս գեղեցիկ երկիրը և հայ ժողովրուրդն իր ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ ողողել էր ինձ»:
Նա նշել է նաև, որ այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական- թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակմանը: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ զոհեր կան: «Հայերը գեղեցիկ ժողովուրդ են և արժանի են կայուն խաղաղության՝ տարիների պատմական հալածանքներից հետո»,- գրել է երգիչը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել կարմիր քառակուսու լուսանկար՝ #PeaceForArmenians հաշթագով:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: