Բաթումիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատն» այսօր ստուգողական 2-րդ հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Մերանի» թիմի հետ:
«Արարատի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնեցին, որ խաղը տեւել է 70 րոպե եւ ավարտվել է 2:2 հաշվով: Հայկական թիմից դուբլ է ձեւակերպել Գեւորգ Նռանյանը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի քարտուղարությանը փոխանցել է, որ երկրորդ խաղակեսում մրցավարը կողմնակալություն է ցուցաբերել, ինչի արդյունքում լարվածությունը մեծացել եւ գործը հասել է ծեծկռտուքի: Մրցավարը չհիմնավորված 11 մետրանոց է նշանակել «Արարատի» դարպասին, իսկ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ վրացի խաղացողներից մեկը բավական կոպիտ խաղ է ցուցադրել:
Երկու թիմերի գլխավոր մարզիչները համաձայնության են եկել, որ խաղն ավարտվի 70-րդ րոպեին: Խաղից հետո «Մերանիի» գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել Աբրահամ Խաշմանյանից: