Ամերիկյան The Wall Street Journal թերթը պնդում է, որ Սիրիայից Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Համապատասխան նյութը հրապարակվել է երեքշաբթի օրը:
Ինչպես նշված է հոդվածում, «սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերին»: Ըստ թերթի, «էլի հարյուրավորները պատրաստվում են ուղարկվելու»: Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են թերթի Սիրիայում գտնվող երկու աղբյուրներ, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հուլիս ամսից «սիրիացի ապստամբ խմբավորումների շրջանում« տեղեկություններ են սկսվել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում ռազմական գործողությունների մասնակցելու համար»: Ըստ թերթի, սեպտեմբերի կեսերին Սիրիայից սկսվել է զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխումը «միանգամից 100 հոգանոց խմբերով»: Աղբյուրը սակայն նշում է, որ «տասնյակ զինյալներ արդեն հետ են վերադարձել՝ մարտերի ուժգնությունից տագնապած»։
Նյութում մեջբերվում է սիրիացի ապստամբի խոսքերը, ըստ որի՝ ՍԱՀ- ից Լեռնային Ղարաբաղ հասած զինյալները ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար վճար են ստանում: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «սիրիական մարտիկների շրջանում կորուստները արագորեն աճում են»: Ինչպես նա նշել է, «մոտ 200 [սիրիացի] արդեն խնդրել են իրենց հետ վերադարձնել»:
Ինչպես նշված է նյութում, Թուրքիայի իշխանությունները մերժում են սիրիացի գրոհայիններ ուղարկելու վերաբերյալ մեղադրանքները: Ադրբեջանի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ չեն ներգրավելու օտարերկրյա վարձկանների: