«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում ընթացող պատերազմի պատճառով ՀՀ Ազգային Ժողովում որոշված է, որ եթե հրատապ նախագծեր չլինեն, ապա պետք չէ հանձնաժողովի նիստեր անցկացնել: Ու արդեն տևական ժամանակ է՝ խորհրդարանում հանձնաժողովի նիստեր չկան, ու անցած շաբաթ ԱԺ արտահերթ նիստն անգամ օրակարգ չուներ:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվել է այն հարցը, որ պետք է առաջիկայում հանձնաժողովի նիստեր լինեն, որպեսզի նախագծեր քննարկեն ու ձևավորեն ԱԺ հերթական նիտի օրակարգը: Եվ ապա մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, և օրակարգում երկու հարց է ընդգրկված: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանականներին հանձնարարված է այս ժամանակահատվածում դիվանագիտական ակտիվ աշխատանքներ կատարել տարբեր երկրների հետ:

Մեր տեղեկություններով՝ այժմ պատգամավորներից յուրաքանչյուրն իր «հարազատ» երկրի հետ դիվանագիտական աշխատանքներ է իրականացնում, ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Արցախում: Վերջիններս նաև փորձում են հասնել նրան, որ երկրներից որևէ մեկը ճանաչի Արցախի անկախությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: