Ադրբեջանական Բահարլը գյուղի բնակիչները տեղում աշխատող Agence France-Presse-ի լրագրողին պատմել են, որ պատերազմի սկզբից շաբաթներ առաջ կառավարության ներկայացուցիչները եկել են իրենց գյուղ և խրամատներ փորել՝ ասելով, թե դա արվում է նրանց իսկ անվտանգության համար։
Բնակիչներից Բայրան Խալիլովը պատմել է, որ գիտեր գալիք անախորժության մասին, երբ իր տան հետնաբակում փոսեր փորեցին․ «Մենք բոլորս գիտեինք, որ ինչ-որ բանի սկիզբը մոտ էր»։
Ըստ լրագրողի՝ այդ փոսը եղել է L-աձև և այնքան խորը, որ կծածկեր իր զրուցակցին։
Գյուղացիների վկայությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ադրբեջնական կողմը նախապատրաստվել էր պատերազմին և նախահարձակ եղել։
Արցախի վրա հարձակվելուն Ադրբեջանը պատրաստվել է նախօրոք, ռազմական գործողություններից առաջ արդեն սկսել էր ինֆորմացիոն պատերազմ և դրանով հող պատրաստել այն մարտի դաշտ տեղափոխելու համար։ Այս մասին վկայում են պատերազմից առաջ հայտարարված պահեստազորայինների հավաքը, զինված ուժերի կարիքների համար «փիքափ» մեքենաների հավաքագրումը, Մինսկի խմբի իրեն չարդարացնելու մասին հայտարարությունները և այլն։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։