Թուրքիան փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով ու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ տարածաշրջանում դառնալ հիմնական գործոն, այդ երկրի իշխանությունները Ռուսաստանին առաջարկել են հակամարտությունը լուծել այնպես, ինչպես սիրիական Իդլիբում, ՌԴ-ն չի համաձայնել, հայտարարել է վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հայտարարել էր նման առաջարկի մասին ու նշել, որ ՌԴ-ն դրան չի համաձայնվել։
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը սիրիական Իդլիբի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել են 2018-ի սեպտեմբերի 17-ին։ Ըստ դրա՝ Իդլիբում պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի, դուրս բերվեին ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինությունը, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը պետք է սկսեին անկախ պարեկային գործողություններ իրականացնել։ Համաձայնագրից հետո էլ Իդլիբում մարտական գործողություններ շարունակում են ընթանալ։ 2020-ի փետրվարին ռուսական ու թուրքական ուժերը միմյանց դեմ էին դուրս եկել։
Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը պլանավորել է Թուրքիան, թուրքական կողմն իր առջև գերխնդիր է դրել հարավային ուղղությամբ կտրել Իրանի հետ Արցախի սահմանը, հասնել Հայաստանի Մեղրիի շրջանին՝ այն միացնելով Նախիջևանին։
Ըստ Հարությունյանի՝ Թուրքիայի բոլոր գործողությունները նպատակ ունեն նեոօսմանյան կայսրություն ստեղծել՝ մյուս կողմից կուլ տալով նաև Ադրբեջանին։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին՝ միջազգային մի շարք լրատվամիջոցներ ու տարբեր երկրներից քաղաքական գործիչներ խոսել էին Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան բերված սիրիացի վարձկանների մասին։ Հայկական կողմը զգուշացրել է, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով վտանգ են Արցախի, իսկ երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանի համար։ Հոկտեմբերի 15-ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտնել է, որ Իրանն ու ՌԴ-ն կարող են հայտնվել ահաբեկիչների թիրախում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։