Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը,որը կալանքի տակ է գտնվում 77 մարդու սպանության և 242-ի վիրավորելու մեղադրանքով, իր փաստաթղթերն է հանձնել Օսլոյի համալսարանի ընդունող հանձնաժողովին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Local-ին: Համաձայն հրատարակչության հանցագործը ցանկանում է ընդունվել քաղաքագիտության ֆակուլտետի հեռակա բաժին:
Բանտի տնօրենն արդեն հայտարարել է, որ ողջունում է Բրեյվիկի` ուսման ձգտումը, քանի որ ազատ արձակվելուց հետո կրթված հանցագործը ավելի հեշտ կկարողանա աշխատանք գտնել և վերադառնալ սովորական կյանք:
Օսլոյի համալսարանի ղեկավարությունը և աշխատակիցները, սակայն, հրաժարվում են Բրեյվիկին ինչ-որ բան սովորեցնել, քանի որ վերջինիս հանցագործությունը դուրս է գալիս պարզ քրեական գործի սահմաններից:
Համալսարանում խոստացել են ուսումնասիրել Բրեյվիկի փաստաթղթերը: Վերջինս նախկինում լքել է ուսումը համալսարանում, չնայած որ նրա ցուցանիշերը միջինից բարձր են եղել:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսին Բրեյվիկը կազմակերպել էր պայթուններ Օսլոյում, ինչից հետո մեկնել է երիտասարդական ամառային հանգստավայր,որտեղ կրակ էր բացել մարդկանց վրա: Դատարանում նա նշել էր, որ իր այս գործողություններով ցանկանում է գրավել հանրության ուշադրությունը Եվրոպայում թափ առնող իսլամիզացիայի նկատմամբ: Նորվեգական դատարանը նրան դատապարտել է երկրում ամենածանր պատժի` 21 տարվա ազատազրկման: