Շփվող, պարզ, ազնիվ, ընկերասեր, խոսքի տերն ու համառ. հենց այս հատկանիշներով են նկարագրում գյումրեցի արցախյան պատերազմում ընկած Սամվել Հովակիմյանին:
Սամվելը 1,5 տարի առաջ էր վերադարձել զինվորական պարտադիր ծառայությունից, ապրում էր ծնողների հետ, տան միջնեկ զավակն էր (եղբայր, քույր):
Հարազատները Սամվելի մասին պատմելիս ասում են, որ շատ համառ տղա էր:
Ընկերը՝ Ռուդիկը, պատմում է. «Դեռ պատերազմի առաջին օրերից կամավորների ավտոբուսը նստել գնում էր, համոզեցինք բերեցինք. ասացինք, որ երբ մեր ժամանակը լինի, բոլորս էլ կգնանք:
Մեզ ասաց, որ կամավորագրվել գնում է, ասացինք՝ դեռ քո ժամանակը չէ, բոլորիս պարտքն է գնալը, բայց մեր ժամանակին, ասաց՝ դուք ի՞նչ գիտեք հայրենիքն ինչ բան է. չկարողացանք էս անգամ հետ պահել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին մարդասիրական հրադադարից 20 րոպե առաջ, դիվերսիոն խումբը մտել է Հադրութ: Սամվելի վիրավորվելու մասին իմացել ենք ընկերոջից: Վերջին անգամ հետը խոսել եմ հոկտեմբերի 8-ի երեկոյան, դե գիտեինք պատերազմ է, հարցեր չէինք տալիս:
Սամվելը վիրավորվել էր ծառայակից երկու ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ: Սկզբում տեղափոխել են Հադրութի հոսպիտալ, հետո տարել են Ստեփանակերտ: Սամվելը հերոս տղա է…»,- ասում է Սամվելի ընկերը:
«Սկզբում վատ արձագանքեցինք, ինչպես տղա ունեցող ցանկացած ընտանիք, բայց եթե հայրենիքի, հող ու ջրի պահանջն է, ոչ ոք պիտի չզլանա՝ անկախ նրանից՝ ինչ վիճակ է, ինչ դրություն է: Եթե նույնիսկ պետք լինի, ես այս տարիքիս էլ եմ պատրաստ կռիվ գնալու, պատրաստ եմ երեխեքի կողքին կանգնելու: Ոչ ոքի հետ չէր քննարկել, բայց գիտեինք, որ նման մտադրություն ունի, ասում էինք՝ այ Սամո ջան, որ պետք լինի, կկանչեն, կգնաս. ասում էր՝ պապ, ընկերներս բոլորը այնտեղ են, ես մնամ այստեղ, որ ի՞նչ: Շատ էր սիրում հայրենիքը, պատերազմի առաջին օրվանից անհանգիստ էր, սպասողական, վերջը գնաց, հասավ ընկերներին. գիտակցում էր այն, ինչը պետք է գիտակցեր:
Հպարտությունս մեծ է, Սամվելս ծառայակից երկու ընկերների կյանքն է փրկել. ինքը նահատակվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Սամվել Հովակիմյանի պապը՝ Ռոբերտ Մելիքսեթյանը:
Մեր երիտասարդները բոլորը լավն են՝ հայրենասեր, կռվող, բոլորն էլ հերոս են, բայց կան բացառիկները, որ մի քիչ ավելի շատ է իրենց մեջ հայրենասիրությունը: Տղերքը խորը մտածող երեխեք են…»,- ասում է Սամվելի պապը:
Սամվելը շատ նպատակներ ուներ… պապն ասում է՝ տունը վերանորոգեցինք, որոշել էինք այս տարի ամուսնացնել:
Հիշեցնենք, որ Սամվել Հովակիմյանը փրկել է իր ծառայակից երկու ընկերների կյանքը, ստացել վիրավորում: Տղայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: