Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կատարել Նոր-Նորքի տարբեր զանգվածներ: Հանդիպման ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչպես քաղաքապետը կմեկնաբանի այն լուրերը, որ ինքը հանդիսանում է գծատեր՝ մասնավորապես 5 և 32 համարի միկրոավտոբուսներինը, ինչի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, Տարոն Մարգարյանը հավաստեց, որ դրանք զուտ հերյուրանքներ են: «Ես գծատեր չեմ, նման բան չկա: Փաստաթղթերով ու փաստերով կարող եմ ֆիքսել: Պարզապես որոշ անձիք շահարկում են այդ լուրերը: Վստահեցնում եմ, որ խնդիր չկա: Եթե շահարկում են, ուրեմն ստացվում է, որ Ավան վարչական շրջանում ամեն ինչ ինձ է պատկանում: Ավանը իմ սեփականությունը չէ, այն Ավանի բնակիչներինն է»,- հավաստիացրեց քաղաքապետը՝ հավելելով, որ այն, որ ինքը 2 անգամ ավանցիների ցանկությամբ ընտրվել է Ավանի համայնքի ղեկավար, դա չի նշանակում, որ Ավանն իր սեփականությունն է: «Շատ սպասարկման կենտրոններ կարող եմ նշել, որոնց վրա գրված է «Տարոն», ուրեմն՝ ի՞մն են» ,- ավելացրեց Տարոն Մարգարյանը:
 Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Տարոն Մարգարյանը համարվում է գծատեր, ինչը Ստյոպա Սաֆարյանը բացատրում էր այսպես, թե եթե քաղաքապետը գծատեր չէ,  ապա 5 և 32 համարի միկրոավտոբուսները զանգվածաբար ի՞նչ գործ ունեին Ավանում դեկտեմբերի 2-ին Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին ընտրատեղամասեր տանելու ժամանակ: 

Տեսանյութը 168.am