Իրանի զինվորականները Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ուժեղացրել են իրենց սահմանների պաշտպանությունը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Իրանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանամերձ շրջանների և այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,- ասված է բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ:


Այդ կապակցությամբ նա մատնանշել է Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի հայտնվելը՝ կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գիծը» և երկխոսության միջոցով լուծել իրենց խնդիրները: Հակառակ դեպքում՝ Իրանը «չի հանդուրժի»։

Իրանի հյուսիսարևմտյան տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին և Ադրբեջանին, պարբերաբար արկեր են ընկնում ղարաբաղյան հակամարտության գոտուց։ Վերջին դեպքերից մեկը, որի մասին հայտնել են տեղի իշխանությունները, տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ Իրանի տարածք, ինչպես նշում էր IRNA գործակալությունը, միայն մեկ օրում 71 հրթիռ է ընկել։