«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից: Նախ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Իսկ մինչ այդ էլ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգ նախագահների, կարելի է ասել, պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից, որը թերևս եզակի մարդկանցից է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ: Եվ հենց նա էլ կարողացել է համոզել և բոլորին մի տեղ հավաքել Արցախի հարցը քննարկելու համար: Եվ ավելին, մեր տեղեկություններով՝ հենց այդ ժամանակ էլ նաև քննարկվել է Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու տարբերակը, որը ևս ընդունելի է եղել բոլոր նախկին ղեկավարների կողմից: ՌԴ-ին դիմելու ժամանակը եկել էր: Տեղեկացանք նաև, որ կայացած հանդիպումը բավականին կառուցողական մթնոլորտում է ընթացել, որից հետո առաջիկայում նախագահներից մեկը Մոսկվա կմեկնի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: