Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորական հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Նա ասել է, որ Մակրոնը «հոգեկանը բուժելու կարիք ունի», գրում է РИА Новости-ն:
Մակրոնն ավելի վաղ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Նա նշել էր,որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել:
Անդրադառնալով այս հարցին՝ Էրդողանն ասել է.
«Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»: