Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:

Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի հիմնովին բարեկարգվում է Տիգրան Մեծի այգին: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող հանգստի գոտին շուտով բոլորովին նոր տեսքով ու հարմարավետությամբ կհանձնվի բնակիչներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր: 

«Մեր որդեգրած սկզբունքն է կառուցվող բոլոր այգիներում ու բակերում շինարարության ընթացքում պարտադիր հարցնել մեր բնակիչներից կարծիքներ: Բոլոր այս նախաձեռնությունները հենց մեր քաղաքացիների համար են, և նրանք են վայելելու բարեկարգ բակերն ու այգիները: Երբ տեսնում ենք այս երեխաների ժպիտը, մեր բնակիչների ուրախությունը, որ իրենց բակային տարածքում ունեցան հանգստի գոտի դա մեզ ավելի է ոգևորում ընդլայնելու ծրագիրն ու բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքները, որոնք դեռևս խնդիր ունեն: Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կավարտենք ծրագիրն ու Երևան քաղաքում այլևս անբարեկարգ բակ չենք ունենա և բոլորը կհանձնենք մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը, չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա և մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ տոնեն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է նաև Թոթովենցի փողոցին հարակից տարածքում կառուցված նոր բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 

Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով  կահավորված հանգստի հարմարավետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետին:

Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած  ծրագրերը լինելու են շարունակական


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 9-րդ զանգված, որտեղ քաղաքապետարանի կազմակերպած <<Ուրախ ամառ>> բակային միջոցառումների շրջանակում ամառային  ճամբար էր անցկացվում: