1994 թվականի օգոստոսին՝ Արցախյան պատերազմից հետո, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում՝ Հովհաննիսյանների ընտանիքում, ծնվեց նրանց որդին, ում ծնողներն անվանեցին Արցախ՝ ի պատիվ Արցախում տարած հաղթանակի. հայրը՝ Սպարտակը, ևս մասնակցել էր պատերազմին:

«Շատ ռիսկով, դուխով, հերոս տղա էր, գովեստի խոսքերն անգամ քիչ են»,- 168.am-ի հետ զրույցում Արցախին այսպես նկարագրեց նրա հորաքրոջ որդին՝ Վարդան Սաֆարյանը:

Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, Արցախն առաջիններից էր, որ կամավորագրվեց և մեկնեց ճակատ՝ պաշտպանելու իր հայրենիքը, ընտանիքը:

«Արցախը 26 տարեկան էր, պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտել, վերադարձել էր: Կռիվը սկսվեց՝ կամավորագրվեց ու հաջորդ օրն առավոտյան մեկնեց: Ընտանիքում 5 երեխա էին՝ 3 քույր, 2 եղբայր: Քույրերն ամուսնացած են, ինքն ապրում էր ծնողների և եղբոր հետ: Եղբայրն ամուսնացած է, երեխաներ ունի, ինքն էլ մոտ 5 ամիս առաջ էր ամուսնացել… Կինը հղի է, մի քանի ամսից երեխան կծնվի, բայց Արցախը ռիսկ արեց, դուխ արեց, հանուն հայրենիքի՝ հղի կնոջը թողեց ու գնաց կռիվ: Հավերժ փառք իրեն…»,- պատմեց Արցախի հորաքրոջ որդին:

Արցախը շատ նպատակներ ուներ, պետք է բնակարան գներ, որ իր նորաստեղծ ընտանիքով առանձին ապրեր, ավաղ, չհասցրեց.

«Քանի որ 2 եղբայրներով հայրական տանն էին ապրում, ուզում էր հիպոթեքով բնակարան գներ և տեղափոխվեր: Մինչև պատերազմը՝ մի քանի ամիս առաջ, ասում էր՝ ո՞նց կարող ենք անել, որ այդ հիպոթեքը դասավորենք: Իրենց հասնում էր, քանի որ ամուսիններով աշխատում էին, հաստատ տրամադրելու էին: Շատ նպատակներ ուներ…»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում