Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում ու համայնքներում կամավորական ջոկատների հավաքագրումը շարունակվում է։ ՏԻՄ մարմինների ղեկավարներից շատերն անձամբ են ղեկավարում կամավորական ջոկատները։
Նման կոչով, հիշեցնենք, նախօրեին, ինչպես նաև երեկ հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա և՛ նախորդ, և՛ վերջին իր ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ՏԻՄ ղեկավարներին, գյուղապետներին, ՀԿ-ներին, կուսակցություններին ջոկատներ հավաքել։ «Մենք առյուծի նման տղերք ունենք, որոնք առյուծի նման կռվում են, բայց Արցախում պատերազմ է… Այսօր զինկոմիսարիատների առաջ հերթեր պետք է գոյացած լինեն, 24 ժամ հերթեր պետք է լինեն, ու մարդիկ պետք է գնան, մարտական պատրաստություն անցնեն և պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելու։ Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքերը վերցնելը»,- ասաց վարչապետը։
Մարզպետները, քաղաքապետներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեցին, որ զորահավաքը ներկայումս էլ կանոնավոր կերպով շարունակվում է, մարդիկ գալիս են, ինքնակամ կամավորագրվում, ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը գնում է, շարունակական գործընթաց է, որը լիարժեք համակարգվում է։
Նույնը մեզ հետ զրույցում փաստեց նաև Վայոց ձորի մարզպետը։ Վայքի քաղաքապետն արդեն իսկ իր ջոկատով առաջնագծում էր։ Մեզ փոխանցեցին, որ կամավորագրման աշխատանքները ներկայումս էլ ակտիվ կերպով շարունակվում են։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում, համայնքում կամավորների հավաքագրման աշխատանքները շատ ակտիվ կերպով շարունակվում են։ Իրենք էլ համակարգում են, որ աշխատողներին փոխարինողներ գտնեն, համայնքային աշխատանքները, պարտականությունները բաշխեն, առաջիկայում էլ ինքը՝ քաղաքապետն անձամբ է մեկնելու առաջնագիծ. «Մարդիկ շատ ոգևորված են, դուխները տեղն է։ Գալիս են, կամավորագրվում են, բաժանվում են ծառայածները, չծառայածները, դաշտային պարապմունքների են գնում ու հենց պատրաստ են լինում, անմիջապես մեկնում են առաջնագիծ:
«Մենք հեշտ հանձնվողներից չենք։ Բոլորս էլ կամավորագրվելու ենք, գնալու ենք առաջնագիծ։ Առաջիկա օրերին առողջանալուց անմիջապես հետո հերթական ջոկատն անձամբ եմ գլխավորելու, և մեկնելու ենք։ Թասիբն էլ է տեղը, թասիբով տղաներն էլ գալիս են, կամավորագրվում են, նորմալ ակտիվություն կա։ Մարդիկ շատ ոգևորված են»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։
Քաղաքապետը հասկանալի պատճառներով չասաց, թե մինչ այս քանի ջոկատ է մեկնել, բայց հավաստիացրեց, որ նոր ջոկատները հավաքվում են, նոր ջոկատներ են կազմավորվում, դեռ էլի կկազմավորվեն։ «Զենք բռնելու ունակ բոլորը կկանգնեն հանուն հայրենիքի, թող ոչ ոք ոչ մի վայրկյան չկասկածի»,- ասաց քաղաքապետը։
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն իր ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ, մեր զրույցի պահին էլ առաջնագծում էր, բայց փոխանցեց, որ դրանով չեն սահմանափակվելու։ Համայնքում կամավորականների հավաքագրումը շարունակվում է, նոր ջոկատներ են կազմվում և մեկնում առաջնագիծ։