Նախորդ օրերի հետ համեմատ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դա Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատն է, բայց ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, այսինքն՝ համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում, որը, օրինակ, երեկ այդպես չէր։ Կիրառվում է հրետանի, հետեւակ, զրահատեխնիկա եւ այլն։ Հյուսիսում էլ վաղ առավոտյան ժամը 4-ի կողմերը հարձակում էին սկսել հրետանային պատրաստությունի հետո, բայց կորուստներ կրելով հետ են շպրտվել, մեր դիրքերին մոտիկ նորից թողնելով տասնյակ դիակներ»,- ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ Քարինտակ գյուղից արեւելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. «Մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները։ Մեր հրետանու կրակից այվել էր դիվերսանտների բազան»։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսանտները շատ են՝ տարբեր գյուղերի ուղղությամբ, տարբեր խմբեր են. «Տարբեր նպատակներով ու տարբեր առաջադրանքներով։ Հադրութից սկսած, Ջիվանիկ, Շեխեր գյուղերի պարագծով ուղիղ. գյուղերը հիմնականում տեղակայված են անտառներում։ Երեկվա դրությամբ ավելի ինտենվիսացել են, հիմա էլ շարունակվում են»։
Նա նշեց, որ անտառային մասում մարտերն այլ ձեւ ունեն. «Այնտեղ դիվերսիոն խմբերի փնտրման, ոչնչացման գործողություններ են, հաճախ բախում է լինում, հաճախ չի լինում»։
Հարցին՝ ինչո՞ւ է հակառակորդը հաճախ անտառային հատվածներում մարտական գործողություններ իրականացնում՝ Հովհաննիսյանն ասաց. «Քանի որ դժվար է բաց ճակատում առաջ գալը, չեն ուզում ուղիղ առճակատման դուրս գալ եւ փորձում են փոքր խմբերով շրջանցել ու հասնել հաջողության»։