Կանադայի կառավարությունը գործարկել է անհապաղ քայլեր պարզելու, թե ճշգրտորեն ինչ է կատարվում։
Երեկ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն՝ անդրադառնալով Թուրքիա արտահանված Անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար օգտագործվող տեխնոլոգիական մասերի մատակարարման կասեցման թեմային։
«Մենք կշարունակենք անել անհրաժեշտ աշխատանքը դա պարզելու համար։ Այնուամենայնիվ, մենք շատ լուրջ ենք դրան անդրադառնում»,- նշել է Տրյուդոն։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ Կանադայի վարչապետն ասել է. «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մնում է առավելագույնս մտահոգիչ մեզ համար: Մի քանի շաբաթ առաջ ես ուղղակիորեն խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ, ինչպես նաև նախագահ Էրդողանի հետ՝ պնդելով, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել իրավիճակի թուլացման, հարգել հրադադարը»:
Տրյուդոն նշել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Եվրոպայում է եղել իրենց դաշնակիցներին բանակցությունների մեջ ներգրավելու համար՝ խնդրի դիվանագիտական լուծման և իրավիճակի թուլացման նպատակով։ «Մենք կշարունակենք սրան լուրջ անդրադառնալ բոլոր ճանապարհներով, որոնցով կարող ենք»,- եզրափակել է Կանադայի կառավարության ղեկավարը։