Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիմվոլները քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը ամբողջությամբ տեղավորվում է ասվածի տրամաբանության մեջ, քանի որ Թուրքիան և Հայաստանը վերջին շրջանում փոխհարաբերվում են հենց համանման սիմվոլներով։


Այսինքն շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը Վիեննայի մասին, ամենևին էլ կանխատեսում չէ, այլ՝ սիմվոլի խաղարկում։ Պատմականորեն Ավստրիայի մայրաքաղաքը դիտարկվում է որպես հակաթուրքական պայքարի խորհրդանիշ, քանի որ 16-րդ դարում օսմանյան անպարտելի բանակները կանգնեցվեցին հենց քաղաքի պարիսպների տակ և ետ մղվեցին։ Այլընտրանքը կարող էր համաեվրոպական աղետ դառնալ։


Արդի Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ վերստին կայսերական նկրտումներ է ցուցաբերում՝ փորձելով շարժվել Օսմանյան սուլթանների ուղեծրով։ Այս տրամաբանության մեջ խճանկարը ամբողջանում է և պարզ է դառնում, թե ինչու է Վիեննան դիսկուրսի առարկա դարձել։


Իսկ եթե հարցը դիտարկենք Էրդողանի տեսանկյունից, ապա նա գրեթե միշտ է առաջնորդվում սիմվոլներով, այս կամ այն քաղաքական ու ռազմական ձեռնարկները համապատասխանեցնելեվ Սելիմ Ահեղի, Սուլեյման Հիասքանչի և մյուս սուլթանների ձեռնարկների հետ։ Ինչպես վերևում նշեցի Վիեննայի պատերի տակ թուրքերը առաջին ծանր պարտությունն են կրել, բայց ներկայումս Էրդողանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ Սուլեյման Հիասքանչի գործն անավարտ է և ռևանշը սարերի ետևում չէ։
Սրանից անդին Ավստրիայի մայրաքաղաղաքը մեկ այլ ոչ պակաս ծանր նշանակությունը ունի Թուրքիայի պատմության մեջ։ 19-րդ դարում հենց Վիեննայի կոնգրեսը դուրս մղեց Օսմանյան կայսրությանը համաեվրոպական ընտանիքից, փոխարենը՝ գրկաբաց ընդունելով Ռուսական կայսրությանը։
Վիեննան կարևոր քաղաք է և հատկապես Օսմանյան կայսրության պատրանքներով ապրող Էրդողանի տեսանկյունից»։