Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով, առանց զենքի դիմելու։ Նա նաեւ հավելել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ հույս ունի, որ կհաջողվի հասնել արդյունքների։
«Գիտեք, Ռուսաստանն անում է այն ամենը, ինչը մեզանից կախված է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի, եւ որքան հնարավոր է շուտ, որպեսզի պահպանվի մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են դեմ հանդիման եւ ցավոք մինչեւ հիմա իրար տեսնում են զենքերի նշանառության հարմարանքի միջով, իրար դեմ զենք են կիրառում հասնելու համար այնպիսի նպատակների, որոնց մեր խորին համոզմամբ, կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ Ժողովրդական միասնության օրվա առիթով ունեցած տեսակապային հանդիպման ժամանակ։