Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Արցախի հարցում հակամարտող կողմերի նպատակներին հնարավոր է հասնել խաղաղ ճանապարհով: Թե հատկապես ինչպե՞ս, ՌԴ նախագահը չի նշում: Նա հայտարարել է, որ Մոսկվան անում է ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար:
Փաստացի, Ռուսաստանի Դաշնության նախագահը խոստովանում է, որ Մոսկվան Կովկասում այլեւս չունի այնպիսի ազդեցություն, որը թույլ կտա կանգնեցնել պատերազմը: Կամ, համենայն դեպս, այդ ազդեցությունն այլեւս այնպիսին է, որ դրա համար պահանջվում է չափազանց մեծ ջանք ու եռանդ, որը փաստորեն բավարար չէ առնվազն մոտ 40 օր:
Մյուս կողմից, եթե Ռուսաստանն ունենար պատերազմ կանգնեցնելու կարողություն, ապա այդ պատերազմը թերեւս չէր էլ սկսի: Ռուս ամենատարբեր բնույթի փորձագետները նույնպես միաբերան նշում են, որ Մոսկվան չի կարող կանգնեցնել պատերազմը, կան նաեւ տեսակետներ, որ պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության դրսեւորում է: Բայց այս տարբերակն էլ ինքնին հենց վկայում է Ռուսաստանի ռեգիոնալ ձախողման մասին:
Մոսկվան հայտնվել է իսկապես չափազանց բարդ ու գրեթե անելանելի վիճակում: Դա իհարկե կլիներ Մոսկվայի խնդիրը, եթե խոսքը չվերաբերեր սուբյեկտի, որն ունի Հայաստանի դաշնակցի կարգավիճակ եւ որի հետ գործակցությունից էապես կախված է Հայաստանի անվտանգային համակարգը:
Այդպիսով, Ռուսաստանի ռեգիոնալ անելանելիությունը խնդիր է դառնում նաեւ Հայաստանի համար: Երեւանն այդ խնդիրը փորձում է լուծել, կամ լուծումներ գտնել հենց Մոսկվայի հետ սերտ աշխատանքի միջոցով: Ընտրությունն, ինչպես ասում են, առանձնապես մեծ էլ չէ, եւ դա իհարկե հետխորհրդային շրջանի քաղաքական անարդյունավետության հետեւանքն է:
Ինչ այլ տարբերակներ ունի Հայաստանը, ընդ որում այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ աշխատանքի բովանդակության մասով, որովհետեւ այլ տարբերակները չպետք է դիտարկել զուտ Ռուսաստանին այլընտրանքի տրամաբանությամբ: Առավել եւս, որ Հայաստանում եղել են ու կան շրջանակներ, որ ինչ-ինչ խմբային շահից ելնելով որեւէ այլընտրանքային դիսկուրսի փորձ անմիջապես փորձում են պիտակել «հակառուսականությամբ» եւ այդ ծառայությունը հնարավորինս թանկ վաճառել նույն Ռուսաստանին:
Ի դեպ, Ռուսաստանի ներկայիս ռեգիոնալ բարդագույն վիճակի պատճառներից մեկն այն է նաեւ, որ Մոսկվան տարիներ շարունակ «վարձել» է այդ ծառայությունը, կամա թե ակամա սպանելով Ռուսաստանի հետ հարաբերության շուրջ բովանդակային բանավեճը, որը պետք է ռեգիոնալ քաղաքականության որակյալ ուժ տար թե Հայաստանին, թե Ռուսաստանին:
Ռուսաստանի համար այդ հարցում ճեղքումն է շարունակում մնալ ռեգիոնալ քաղաքականության անկումից դուրս գալու գրավականը:
Նյութի աղբյուր՝ Lragir.am