ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը վստահ է, որ Արայիկ Հարությունյանը Շուշիի վերաբերյալ իր հայտարարությամբ պարզապես ծուղակն է գցել Ադրբեջանին։
«Երբ Արցախի նախագահը ուղերձով դիմեց ժողովրդին և ասաց, որ պահն օրհասական է, Շուշին վտանգի տակ է, պետք է զինվորագրվենք և պատրաստ լինենք այդ ճակատամարտին, ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ այստեղ մի բան այն չէ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է նա։
Առաքելյանի խոսքով՝ պետք չէ լինել ռազմական փորձագետ հասկանալու համար, որ որևէ քաղաք՝ առավել ևս Շուշին, որը բերդաքաղաք է, հնարավոր չէ գրավել զուտ մարդուժով։
«Մենք գործ ունեինք դիվերսիոն խմբերի հետ, որոնք փորձում էին ներթափանցել և ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Օրինակ՝ խուճապ առաջացնել, բարոյահոգեբանական ճնշում գործադրել, իրենց հասարակությանը ոգեշնչել: Կարող էին Շուշիում մեկ-երկու շենք գրավել, դրոշ բարձրացնել և այլն․․․: Բայց Շուշին գրավելու խնդիր որևէ խելագարի մտքով ուղղակի չէր կարող անցնել, չի էլ անցնելու: Երբ Արայիկ Հարությունյանն այդ կոչն արեց, ադրբեջանական զինված ուժերը ներքաշվեց այդ խաղի մեջ և իրենց հասարակությունում շատ բարձր սպասելիքներ ձևավորեցին, որ ուր որ է՝ իրենք մտնելու են Շուշի»,- նկատել է Առաքելյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում այս պահին համարում են, թե Շուշին գրավված է և իրենց դրոշի օրը կհայտարարվի այդ մասին։
«Սա ուղղակի դարի աֆյորան էր, որը մերոնք շատ լավ կազմակերպեցին․ եթե մինչև անգամ այդ նպատակը չունեին, բայց այդպես ստացվեց, և արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ տվեց իր ամենաթանկ ստորաբաժանումների շարքերում»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: