Lragir.am-ը գրում է. Իրանն ուժգնացնում է իր հյուսիսային սահմանին ռազմական ներկայությունը, շարունակելով կուտակել մեծածավալ մարդուժ եւ տարաբնույթ սպառազինություն, այդ թվում հարձակողական, ընդհուպ գետանցման հնարավորություն տվող: Այդ ամենը հուշում է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում պատրաստվում է լուծել ոչ միայն պաշտպանական, այլեւ հարձակողական խնդիրներ, անցնելով Արաքսը:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Հեյդարին նախօրեին հայտարարել էր, թե Իսլամական պետությունը չի հանդուրժի ռեգիոնալ աշխարհաքաղաքական սահմանների եւ աշխարհագրության փոփոխություն: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչն է, որ ըստ Իրանի անհանդուրժելի է: Իրանը մտահոգություն է հայտնել ահաբեկիչների առնչությամբ, դրանք իհարկե փոխում են աշխարհաքաղաքականությունը ռեգիոնում, եթե Թուրքիային հաջողվում է հաստատել եւ կիրառել արդեն ավելի լայն նպատակներով, քան զուտ Արցախի դեմ պատերազմում:
Սակայն, ինչ աշխարհագրության փոփոխության անթույլատրելիության մասին է խոսում իրանցի գեներալը: Արդյո՞ք Թեհրանը ակնարկում է ահաբեկիչների աշխարհագրական տեղաշարժի մասին, այդ թվում դեպի Իրան: Այն, որ այդ տեղաշարջը Կովկասի ահաբեկչականացման թուրքական ռազմավարության մեջ ունի իր տեղը, կասկածից վեր է: Ամբողջ հարցն այն է, թե Անկարան երբ կտա այդ հրամանը: Իրանի հյուսիսային սահմանին հարձակողական ռազմուժի կուտակումը վկայում է, որ Թեհրանը հավանական է համարում այդ սպառնալիքը:
Իսկ արդյո՞ք դիտարկում է կանխարգելիչ հարվածը Արաքսից այս կողմ, որտեղ ափի երկայնքով, ընդ որում «ծածկվելով» Իրանի տարածքով, առաջ էին շարժվել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ստորաբաժանումները, այդպիսով նաեւ հաջողելով Արցախի հարավային տարածքներում առաջընթացի հարցում:
Ընդ որում, մեծ հավանականությամբ նաեւ այդ հատվածում փորձ կարվի կենտրոնացնել ահաբեկչական ուժերը: Մեծ հաշվով, այստեղ արդեն իսկ տեղի է ունեցել ռեգիոնալ աշխարհագրության փոփոխություն: Ընդ որում, Իրանը փաստացի թույլ է տվել եռոտանուն անել դա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում