Համասեռամոլների կողմից սուտ մատնության վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալներ «Սոնան» և «Մաշան» հերքեցին մեղադրանքը և պնդեցին «հանցագործության մասին  հաղորդման» մեջ նշած հակադարձ մեղադրանքները:  Ըստ ամբաստանյալ «Սոնայի»,  «կասկածելի «Օպել» մակնիշի»  մեքենայի 4-5 հարբած ուղևորներ ծաղրում էին իրենց, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ապա իրենից խլեցին կլատչը՝ դատարկելով պարունակությունը՝ շպարի, այլ պարագաներ, 200 դոլար, «ղժժալով հետ շպրտեցին»  դատարկ պայուսակը:  Եվս 2000 դրամ  դրել էր «լիֆչիկիս արանքը»: Ըստ ամբաստանյալի, սա գողության առաջին դեպքը չէ, դրա համար  այլևս պայուսակ չի կրում: Ըստ նրա,  ավանդական կողմնորոշման տղամարդիկ  վազեցին իրենց հետևից և միանշանակ կծեծեին իրենց, եթե «մենք չփախչեինք»: Մրցավազքը  սկիզբ է առել հանրահայտ Կոմայգու մեջտեղից ընդհուպ մինչև Շիրակ հյուրանոց՝ անգամ բարձրակրունկ կոշիկներով իրեն հաջողվել է գեր հետապնդող տղամարդուց խուսափել: 

Ըստ ամբաստանյալի, ոստիկանության բաժնում իրենցից մինչև ժամը 04-ն  հայտարարություն   չէին ընդունում, ասում էին՝ ծանոթ տղերք են, մի բարդացրեք, և «գործը ֆռռացրին մեր վրա»: Գործի նյութերում մի քանի տեղ, ըստ ամբաստանյալի 200 դոլարի փոխարեն նշել է 2000` շփոթվել է, քանի որ գտնվել է  սթրեսային վիճակում: Ըստ ամբաստանյալի, իրենց դեմ հանիրավի հարուցված քրեական գործի պատճառով չի կարողանում մեկնել Ֆրանսիա՝ ամուսնու մոտ, որի հետ Ինտերնետով է ծանոթացել: 

Ըստ ամբաստանյալ «Մաշայի»,  2012թ. սեպտեմբերի  25-ին, ժամը   23.20  «իջել է աշխատանքի», մերձակայքում «երկու ժամ «Օպել» էր ֆռռում»: Ըստ նրա,  ավելի վաղ «աշխատանքի» եկած  «ընկերուհիները»  ասել էին՝ զգուշացեք, սակայն «ո՞ր մեկից զգուշանանք՝ քաղաքի 70 տոկոսի՞ց»:   

Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով վկա «ՕՊեԼ»-ի վարորդը, ով հայտնեց, որ Կոմայգու մոտ «կայանել են» մեքենայի անսարքության  պատճառով: Նա հայտարարեց՝  «մատով չենք դիպել, չենք հետապնդել, չենք գողացել»: Վկան միանշանակ ասում էր, որ համասեռամոլները հենց միջադեպի վայրում էին գոռում՝ գողություն, սակայն ոչինչ, այդ թվում՝ մահակ և փող,  իրենց մեքենայում չհայտնաբերվեց: Դեպքի վայրում գողության մասին բարձրաձայնելու մասին վկայի պնդումները հակասում էին մի շարք վկաների, մասնավորապես, նախաքննական ցուցմունքներին, որոնցում նշվում էր, որ  գողության հարցը բարձրացվել  է ոստիկանության բաժնում: Դատարանում հրապարակվեցին նաև «ՕՊԵԼ»-ի մյուս երկու ուղևորների նախաքննական  ցուցմունքները՝ վկաները գտնվում են Ռուսաստանում: Այդ վկաներն ևս հայտնել էին, որ «չենք վիճել, որևէ բան չենք հափշտակել, չենք հայհոյել, չենք ծաղրել, այդ օրը ոգելից խմիչք չենք օգտագործել»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը ևս  երկու վկայի հարցաքննելու մասին՝ ըստ կողմի «Մագան» և «Մադոննան» ևս գտնվել են դեպքի վայրում և կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել: Վկաները կհարցաքննվեն օգոստոսի 14-ի  դատական նիստում:

 

Հեղինակ:  «Փաստինֆո»