Կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հետ: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեջ Անկարայի դերը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ և ուղղակի կապ չունի խաղաղապահ առաքելության հետ: Նա հավելել է, որ այդ կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Լեռնային Ղարաբաղին:
«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ խոսքն արդեն ոչ թե հայտարարության մեջ նկարագրված խաղաղապահ ջանքերի, այլ բոլորովին այլ առաքելության՝ համատեղ ջանքերի մեկ այլ մասի մասին է։ Դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։