Պատերազմի նմանօրինակ ավարտի դեպքում էլ Հայաստանը կարող է և պետք է արդարադատության միջազգային դատարանում կոնվենցիոն վարույթներ հարուցի Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Մեր հնարավորությունները դեռևս պահպանվում են միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մասով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։
«Իրավաբանորեն՝ միանշանակ։ Էլ ավելի օրհասական է դրա նախաձեռնումը, քանի որ մենք այս պահին ունենք ձևակերպված 5 տարով հրադադար։ 4.5 տարուց արդեն խաղաղապահների տեղակայման հարցը կարող է կողմերից որևէ մեկի կողմից դրվել։ 4.5 տարվա ընթացքում մենք պետք է անենք հնարավորը հետագա բացասական զարգացումները կանխելու համար։ Հետևաբար՝ այդ քայլերից մեկն էլ արդարադատության միջազգային դատարան դիմելն է։ Քաղաքական կամք և աշխարհաքաղաքական նպատակահարմարություն կգտնվի արդյոք կառավարությունում, թե ոչ, դա մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ, որ մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք, և այդ գործընթացները պետք է նախաձեռնվեն ՀՀ կառավարության կողմից»,- ասաց Խզմալյանը։
Հիշեցնենք, որ պատերազմի առաջին օրերից Ադրբեջանը թույլ է տալիս պատերազմական հանցագործություններ՝ խաղաղ բնակչության հանդեպ կիրառում էր արգելված զենքեր, կասետային ռումբեր, ֆոսֆորային զինատեսակներ, հրկիզում էր անտառապատ տարածքները, խոշտանգում էր գերիներին, սպանում ու գլխատում խաղաղ բնակչությանը։