Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, դրա հետ մեկտեղ Հայոց բանակը պահպանում է ներկայիս շփման գծի ամբողջ երկայնքով իր մարտական դիրքերը, այդ թվում՝ Մռավի լեռնաշղթայում եւ Աղդամի շրջանում, իսկ ՀՀ նախագահը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի ստորագրությունը հակասում է ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանությանը, ինչպես նաեւ ՀՀ կենսական շահերին եւ այդ իսկ պատճառով անընդունելի է հայ ժողովրդի համար:
Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը:
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտվել է պատերազմը: Նոր պատերազմի դիմելու սպառնալիքն արդեն կդիտվի ռուսական խաղաղարար գործունեության դեմ ոտնձգություն: Ալիեւին, հարկ կլինի դիմել Կրեմլին՝ ստիպելու համար ՀՀ-ին՝ կատարելու հայտնի հայտարարության տակ ՀՀ վարչապետի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները: Պետք է նկատել, որ առանց այդ քայլի դիմելու ու դրա պատասխանը ստանալու, պատերազմի վերսկսում ուղղակի հնարավոր չէ: Ռուսական քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի պաշտոնապես հանդես գալ՝ Հայաստանին առաջարկելով կատարել ստանձնած պարտավորությունները:
Այդ պահից կսկսվի դիվանագիտական խաղը, երբ հայկական կողմը չի մերժի իր ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը: Կնշվի, որ ստորագրված հայտարարությունում հաշվի չեն առնված հայկական կողմի կենսական շահերը՝ վերաբերող տեղահանված հայ բնակչության իրենց բնակության վայրեր վերադարձի, Ադրբեջանի իրավասության տակ հանձնվող տարածքներում բնակվող հայ բնակչության խաղաղ կենսագործունեության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի՝ հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ վերաբերող Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում բնակվող հայ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման մեխանիզմների:
Տվյալ հարցերի լուծման շրջանակը կառաջարկվի քննարկել Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման շրջանակային համաձայնագրի համատեքստում՝ միաժամանակ ընգծելով, որ ՌԴ, ՀՀ եւ ԱՀ ղեկավարների հայտարարությունը ընդամենը զինադադարի հաստատման հայտարարություն էր՝ ճանաչելով Ռուսաստանի խաղաղարար առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղում, ինչին ՀՀ-ն սրբորեն պատրաստ է հետեւել նաեւ հետագայում:
Դրանից հետո կպարզվի, որ պատերազմի վերսկսման որեւէ տարբերակ չկա, բացի նոր ծագած հարցերը Մինսկի խմբի բանակցային ֆորմատում քննարկելուց:
Հայ-թուրքական վերջին պատերազմի հետեւանքը եղել է այն, որ Հարավային Կովկասում խաղաղապահության անվան տակ Ռուսաստանն իր զորքերը մտցրել է Արցախ եւ հիմա արագացված կերպով տեղի է ունենում Հարավային Կովկասում երկրորդ կարեւոր ռազմաբազայի հիմնման աշխատանքները: Չզարմանաք, որ կարճ ժամանակ հետո գործարկվի նաեւ Ստեփանակերտի օդանավակայանը, դառնալով երկրորդ օդային հանգույցը Էրեբունի օդանավակայանից հետո: Շուշին այն գինն էր, որը տրվեց թուրքերին՝ իրավաբանորեն ստանալու համար Արցախի տարածք ռազմական կոնտինգենտ մտցնելու իրավունքը:
Այսուհետ Ռուսաստանի՝ Արցախից դուրս գալը բացառվում է, քանզի նրա այնտեղ գտնվելը բոլորովին կապ չունի խաղաղարար առաքելության հետ: Մեր ժողովրդի մի մասի համար միգուցե ցավալի արձանագրում եմ անում, մյուսների համար միգուցե ուրախալի կամ ընդունելի: Բայց դա անում եմ՝ ընդամենը փաստը արձանագրելու համար: Հետագայում Արցախում պատերազմի վերսկսման վտանգը ուղղակիորեն կապված է լինելու Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու Թուրքիայի գիտակցված վարքի հետ: Մենք մեր քաղաքականությունը պետք է կառուցենք՝ հաշվի առնելով հենց իրերի այս վիճակը: