«Ժամանակ» թերթը ներկայացրել է սպանության մի դեպք, որը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբեր ամսին:
2007թ. Լիլիթը ծանոթացել է «Կոշ» ՔԿՀ-ում խարդախության համար պատիժը կրող Հովհաննես Նաղդալյանի հետ: 2011թ. օգոստոսին Հովհաննեսն ազատվել է պատիժը կրելուց և բնակվել Լիլիթենց վարձած բնակարանում` նրա մոր և եղբոր հետ, որոնց չէր ճանաչում:
Ըստ Լիլիթի ցուցմունքների` շուրջ 4 տարի ապրել են Հովհաննեսի սպառնալիքների, ահաբեկումների և վիճաբանությունների մեջ. նա անգամ կալանավայրում գտնվելու ժամանակ սպառնալով իրենցից գումար է պահանջել, վախեցրել, թե եթե գումար չտան, կվնասի ՌԴ աշխատանքի մեկնած եղբորը:
Անգամ վաճառել են Նոր Հաճնում գտնվող իրենց տունը և գումարը տվել Հովհաննեսին: Լիլիթն նույնիսկ փորձել է ինքնասպան լինել: Իսկ բանտից դուրս գալուց հետո Հովհաննեսը հաճախ է ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել ու ծեծել Լիլիթին:
2011թ. սեպտեմբերի 17-ի գիշերը Հովհաննեսը հերթական անգամ հարբած եկել է տուն, հարվածել դռանը, խանգարել հարևանների հանգիսը: Հարևանների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, իսկ Հովհաննեսի նկատմամբ` հետախուզում հայտարարվել:
Եվ այնուամենայնիվ, չնայած այս ամենին` Լիլիթն ամուսնու հետ Աբովյանում կրպակ է վարձել և զբաղվել մրգի առևտրով: Նոյեմբերի 5-ին կրպակում Հովհաննեսը դարձյալ հարբած վիճակում կնոջը ծեծել է և կոտրել ցուցամատը: Ծեծը կրկնվել է նաև հաջորդ օրը, որի ընթացքում Լիլիթը վախից միզել է: Անծանոթներն են օգնության հասել և հարբած ամուսնու ձեռքից ազատել Լիլիթին և թույլ տվել, որ իրենց հեռախոսից զանգահարի եղբորը:
Վիճաբանություն է սկսվել Լիլիթի եղբոր` Արմանի, և Հովհաննեսի միջև:
Ըստ քրեական գործի նյութերի` նրանք վիճելով իջել են բակ, իսկ այնուհետև գնացել «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ: Հովհաննեսը կրկին ցինիկ տոնով է խոսել, հայհոյել Արմանին և նրա ընտանիքին: Եվ հենց այդ ժամանակ էլ Արմանը դուրս է եկել հունից և իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել Հովհաննես Նաղդալյանի կրծքավանդակին:
Հ.Նաղդալյանի դիակը հայտնաբերվել է միրայն դեպքից 4 ամիս անց` «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:
Արման Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել` սպանության համար, սակայն հետագայում դատարանում համադրելով հետազոտված ապացույցներն ու ցուցմուքնները` մեղադրող դատախազը փոփոխել է մեղադրանքը` սպանությունը վերաորակելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանություն` ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մաս:
Դատարանը Ա.Չոբանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 02.08.2013թ. համարում:


