Արցախյան գոյամարտում զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա ընկերուհին՝ Արմինե Զաքարյանը։ Նարեկի զոհվելու մասին լուրը ավելի շուտ էր շրջանառվում, բայց քանի որ չէր հաստատվել, հարազատները հույս ունեին, որ ողջ կլինի։ «Սեպտեմբերի 28-ին եկավ աշխատանքի տեղս՝ ինձ հրաժեշտ տալու, սպասեց՝ մինչեւ գործս վերջացնեմ, հետո գնացինք զինկոմիսարիատ, ասեցին՝ որ հաշվառված է Մարտունի քաղաքում, ուրեմն պիտի գնա էնտեղ։ Իր մեքենայով գնաց ու գնաց․․․»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց Արմինեն։ Մինչեւ օրս ահով էր նայում զոհվածների ցուցակը, ներքուստ մի քիչ հանգստանում, որ Նարեկի անունը չկար զոհված տղաների անվանացանկի մեջ։ Միայն այսօր ԴՆԹ անալիզի միջոցով պարզվեց, որ Նարեկն է։ «Էս օրերին աղոթում էի՝ միշտ, որ գոնե լուր իմանանք, պարզվում է, հենց կռվի երրորդ օրն էլ զոհվել է՝ սեպտեմբերի 30-ին»,–ասաց Արմինեն։
Նյութի աղբյուրը՝ aravot.am