Lragir.am-ը գրում է. Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում իրավիճակը բավականին թեժ է, ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական իշխանության փոխադարձ սուր մեղադրանքներով, կապված պատերազմի, պարտության եւ տարածքների կորստի, նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրի հետ: Կրակի վրա ահռելի քանակի յուղ է լցրել Նիկոլ Փաշինյանի՝ առաջնագծի զինվորների եւ Երեւանում նրանց սպասելու մասին գրառումը, որն ընկալվել է որպես քաղաքացիական պատերազմի, քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք:

Միաժամանակ հայտնի է, որ քրգործ է հարուցվել վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձի գործով, որով անցնում են նաեւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հայաստանը մտնում է արդեն հայկական պետականության կորստի վտանգի փուլ: Տեղի է ունենում պարտված պատերազմների դեպքում թերեւս ամենավտանգավորը՝ բացարձակ զգայականության դաշտում գտնվող զինված խմբավորումներ, մարտիկներ ծանր պատերազմից բխող շոկային եւ հոգեբանական ցնցումներով, որոնք նրանց դարձնում են առավելագույնս անկանխատեսելի:

Հետպատերազմյան այդ փուլն ամենավտանգավորն է, որում այժմ գտնվում է Հայաստանը՝ քաղաքական իրարամերժ դիրքավորումների պայմաններում: Բոլորն են հասկանում, որ պարտվել է ոչ թե լոկ հետհեղափոխական, այլ հետխորհրդային Հայաստանը, այսինքն այդ պարտությունը բոլորինն է, ովքեր այժմ փորձում են ինտենսիվ կերպով ձերբազատվել պատասխանատվությունից՝ այն մեկը մյուսի վրա դնելով:

Այդ գործընթացով պատասխանատվությունից ձերբազատում են սակայն մեկին, որը Հայաստանում չէ: Պատասխանատվությունից ձերբազատվում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետխորհրդային քաղաքականությունը: Ընդ որում, ազատվում է պատասխանատվությունից, միեւնույն ժամանակ սակայն անսահմանափակ պատասխանատվությամբ իշխանություն ձեռք բերում հայկական պետականության վրա, կամ ստանում դրա իրական հնարավորություն:

Ռուսաստանը փրկչի կամ ազատարարի մոդելով հայտնվել է Արցախում՝ հայկական պետականության անվտանգային ողնաշարում, այժմ ստեղծվել է իրական վտանգ, որը տարածելու է Հայաստանում: Մասնավորապես, ներքաղաքական թեժ դիմակայությունը՝ զենքի գործադրման իրական սպառնալիքով, ստեղծում է Հայաստանում իրավիճակն ու սահմանադրական կարգը ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերով «վերականգնելու» մահացու հեռանկար:

Դա լինելու է հայկական պետականության լուծարման կնիքը, իշխանությունից մինչեւ ընդդիմություն հանցավոր պատասխանատվությամբ: Կանգ առեք, ինչպես կասեր քաղաքական դերակատարներից մեկը՝ իհարկե բոլորովին այլ առիթով: Կանգ առեք, որովհետեւ այլեւս դավաճան է նաեւ կանգ չառնողը՝ իշխանությունից մինչեւ ընդդիմություն:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/16/599701/