Օրերս լրատվամիջոցներում տարածված այն լուրը, որ 15 տաքսու վարորդների տասնյակ հազարով դրամների տուգանք է նշանակվել ՃՈ-ի կողմից «Այրարատ» տոնավաճառի դիմացի մայթին ապօրինի կայանելու մեղադրանքով, YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին հենց վարորդները: Նրանք հայտնեցին, որ կայանելու իրավունք տվել էր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն հետո թյուրիմացության հետևանքով այդպիսի պատմության մեջ էին ընկել:
Վարորդները դժգոհում էին, որ տուգանքը շատ խոշոր չափերի է և, նրանց հավաստմամբ, այս պատմության մեջ խարդախություն կա: Նրանք նաև հայտնեցին, որ երեկ քաղաքապետարանի դիմաց ներկա են գտնվել ակտիվիստների կազմակերպած երթին, որի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել էր, որ կփորձի օգնել վարորդներին և լուծում տալ հարցին:
Մեր թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, որ խնդրին արդեն տրվել է համապատասխան լուծումը: Նրանք այսօր հանդիպել են Հենրիկ Նավասարդյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նավասարդյանը հայտնել է, որ վերոնշյալ տարածքում չի արգելվում կայանել, որից հետո ոստիկանությունը բոլոր տուգանքները չեղյալ է համարել: