Lragir.am-ը գրում է. Հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու իրական հնարավորության եւ Հայաստանի վարչապետի մերժման հետեւանքով դրա ձախողման մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը շատ հարցեր է առաջացրել: Պուտինն ասել է, որ Ալիեւը համաձայնել էր կանգնել, եթե Հայաստանը համաձայներ Շուշի փախստականների վերադարձի նրա պայմանին: Ըստ Պուտինի, Շուշին չէր անցնում Ադրբեջանին, այդ ժամանակ Ադրբեջանը վերցրել էր Արցախի հարավի մի փոքր մասը: Նրա խոսքով, Հայաստանի վարչապետն իր համար զարմանալիորեն մերժել է, ասելով, որ դա չի բում Հայաստանի եւ Արցախի շահից, ու հայկական կողմը կպայքարի մինչեւ վերջ:

Պուտինն այդ համատեքստում նշեց նաեւ, որ Փաշինյանին չի կարելի մեղադրել դավաճանության համար, գուցե եղել են սխալ որոշումներ, բայց ոչ դավաճանություն:

Իսկ ինչի՞ հիման վրա են եղել այդ սխալ որոշումները: Այդ հարցն առավոտից բարձրաձայնում են քաղաքական գործիչներ ու փորձագետներ:

Հետաքրքիր է թերեւս դիտարկել այդ օրերի քաղաքական մի շարք իրադարձություններ:

Հոկտեմբերի 18-ին անսպասելի հայտարարվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ հրադադարի համաձայնության մասին: Այն չպահպանվեց, եւ Ադրբեջանը շարունակեց պատերազմը: Ի՞նչ պայմաններ էին քննարկվել Մակրոնի միջնորդության ժամանակ:

Հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ Արցախի հարցով երկրորդ նիստը, որ հրավիրել էին Մինսկի խմբի համանախագահ երկրները: Ինչպես հետո լրագրողներին հայտնեց ՄԱԿ ԱԽ նախագահող Ռուսաստանի ներկայացուցիչը, այդ նիստի ընթացքում քննարկվել է հրադադարի հաստատման, դրա վերահսկման մեխանիզմների հարցը, սակայն չի կայացվել որեւէ որոշում:

Օրեր անց, այդ նիստի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն տարածեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ համանախագահ եռյակը պատրաստել էր հայտարարության տեքստ, որի ընդունումը սակայն տապալվել է ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներից մեկի վետոյի հետեւանքով: Թե հատկապես որ անդամի մասին է խոսքը, Շավարշ Քոչարյանը չի մանրամասնել: Ի դեպ, Շավարշ Քոչարյանը հրաժարական է տվել ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:

ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներն են Մինսկի խմբի երեք համանախագահները, Մեծ Բրիտանիան ու Չինաստանը: Արդյոք տրամաբանական է մտածել, որ համանախագահներից որեւէ մեկը կարող էր տապալել իրենց իսկ մշակած եւ ներկայացրած տեքստը: Ուրեմն, մնում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Ո՞վ է եղել տապալողն ու ինչու, եթե խոսքը բավական հավասարակշռված տեքստի մասին էր:

Կա՞ արդյոք որեւէ կապ Պուտինի նշած հոկտեմբերի 19-20-ի պայմանավորվածության, դրան նախորդած Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հրադադարի եւ ՄԱԿ ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստի իրադարձությունների միջեւ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/18/600841/