«Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղ, որ չվերադառնան Հայաստան ու խուճապ չառաջացնեն»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ այդ իրավիճակը առաջացել է երկրի վարչապետի կողմից պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցնելու եւ կամավորականներին առաջնագիծ ուղարկելու հրամանի հետեւանքով, ինչը Մովսես Հակոբյանը հանցագործություն է համարում։

«Նրանց կերակրել են մեր բանակի սննդով, եւ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը եւ էլի շատերը նրան հետ բացատրական աշխատանք են տարել, որ մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքերը»,- նշեց նա։


Մովսես Հակոբյանի խոսքով՝ փախել են կամավորականներ, չի բացառվում՝ նաեւ կցագրված անձնակզմից։

«Սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել կամավորականին եւ կցագրված անձնակզմին. այսինքն գումարվել է կցագրված անձնակազմը: Պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է առաջ, ոչ թե թիկունք. ում հարցնում ես՝ կամավորականներ են, բայց ես վստահ եմ, որ նրանց մի մասը, գուցե մեծ մասը ոչ կամավորականներ են, որոնք օգտվելով առիթից իրենք էլ են նույնը արել»,-

Մովսես Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անհաջողությունները եղել են աջ եւ ձախ թեւերում:

«Ղարաբաղի բանակի լրահամալրումն իրականացնում է պաշտպանական շրջանների շրջանները՝ ըստ իրենց ուղղության զորամասերի, ընդ որում այնպես է բաժանված, որ կցագրված անձնակազմի 50 տոկոսը լինի Հայաստանից, 50 տոկոսը՝ Արցախից: Մենք ունեցել ենք պրոբլեմ աջ թեւում, որտեղ բնակչություն չունենք, եւ ձախ թեւում, որտեղ բնակչություն չունենք: Ո՞վքեր պետք է համալրեն այդ հատվածները. Ղարաբաղի հատվածից Ստեփանակերտը, որը ամսի 30-ի դրությամբ լրահամալրումն իրականացրած է եղել ընդամենը 32 տոկոսով, մնացածը Հայաստանի հատվածից, որը եւս համալրված չի եղել:

Եթե նայում եք, մինչեւ 3-րդ օրը մենք որեւէ տեղ զիջում չենք ունեցել: Բանակը, որ կանգնած է եղել առաջնագծում մինչեւ իրենց մարտունակությունը կորցնելը դուրս չեն եկել իրենց խրամատից: Նրանք մարտնչել են մինչեւ վերջ այդ բնագծում: Չենք ունեցել մարդիկ, որոնք պետք է լրահամալրեն իրենց տեղերը: չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պետք է գային, իրենց փոխարինեին եւ հակառակորդը մխրճվել է»,- նշեց նա։