ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է փաստաբան Հայկ Ալումյանի դիմում-հարցումը՝  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին մամուլի հրապարակումներով, և ուղարկել  ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննարկելու ու դիմումատուին պատասխանելու համար:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, մամուլի հրապարակումներն առնչվում են գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչ հանդիսացող նախկին  մարզպետին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի  համաձայն` հիշյալ մարմինների ղեկավար աշխատողների վերաբերյալ  քրեական գործերի քննությունը իրականացնում է  ՀՔԾ-ն: Փաստաբան Հայկ Ալումյանը, ով  Գորիսում Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած  կրակոցների  գործի շրջանակում իրականացնում է մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանությունը, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե նախկին մարզպետի վերաբերյալ հրապարակումներից որևէ մեկը դիտվե՞լ է որպես հաղորդում հանցագործության մասին և ինչ-ինչ որոշումներ կայացվե՞լ են, թե՞ ոչ: