Միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումների մասնագետները կժամանեն Լեռնային Ղարաբաղ՝ ականազերծման աշխատանքներ կատարելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ը։
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ծառայողական շներին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում խնդիրների կատարման համար»,- նշված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Անձնակազմը կշարժվի Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Նշանակման վայր ժամանելուց հետո մասնագետները ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման խնդիրների կատարմանը։
Երևան է ժամանել ավելի քան 100 զինվորական, բերվել է 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ: