Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի եւ Կոտայքի մարզպետները դեռ շարունակում են անհոգ աշխատել անգամ այն բանից հետո, երբ այդ ոլորտներում պետական միջոցների հափշտակության փաստեր բացահայտվեցին: Միակ պատժվողն առայժմ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանն է: Մեկուկես ամիս շարունակվող նախաքննության ընթացքում միակ ձերբակալվածը Արարատի մարզպետարանի չինովնիկն էր:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին կետով:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում բավականին ուշագրավ նորություններ կհրապարակվեն, իսկ երեկվա դրությամբ Հատուկ քննչական ծառայությունից վստահեցրել են, որ չկան այլ ձերբակալվածներ ու կալանավորվածներ: ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, սակայն նախնական քննության տվյալների անթույլատրելիության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելնելով՝ վկաների ինքնության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեց:
Նախաքննությունը շարունակվում է: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենք բնականոն հունով աշխատում են, չկան աշխատանքից հեռացվածներ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս պնդեց իր նախկին ասածները. «Մեզ մոտ խնդիր-բան չկա, մեզ մոտ կար անփութություն, կար սխալ աշխատանք»:


