Волна Каспия կայքը տեղեկացնում է, որ տարօրինակ բաներ են տեղի ունենում ղարաբաղյան ճակատում սպանված թալիշական ծագմամբ ադրբեջանցի զինծառայողների մարմինների հետ: Այնքան տարօրինակ, որ նույնիսկ դժվար է հավատալ:
Օրինակ՝ օրերս Աստարայի շրջանի Արչիվան գյուղում (թալիշական անվանումը Արչոն), հարազատներին տվել են զոհված զինվորի դիակ՝ խստիվ արգելելով բացելով դագաղը: Այնուամենայնիվ, հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ հարազատները, խախտելով այդ արգելքը, այնտեղ գտել են քարեր և կոշտացած հողի կտորներ: Զայրացած ժողովուրդը շտապել է գյուղապետարան՝ գոռալով տարբեր բովանդակության կարգախոսներ, որոնք կարելի է միավորել մեկ արտահայտության մեջ.
«Թալիշները կռվել են Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանը տարրական հարգանք չի ցուցաբերում զոհված թալիշ զինվորների նկատմամբ»:
Շուտով ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել ակցիայի ամենաակտիվ մասնակիցներին, իսկ մահացածի հարազատներին տարել են քաղաք և «բացատրական աշխատանք» տանելուց հետո ազատ արձակել՝ հավաստիացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր տեղի ունեցել նաև թալիշական մեկ այլ գյուղում, երբ Ղարաբաղում զոհված ազգությամբ թալիշ զինվորի ծնողներին իշխանություններն ասել էին, թե նա զոհվել է ավտովթարի հետևանքով, այն դեպքում, որ նրա մարմնի վրա հայտնաբերել էին հրազենային հետքեր: