Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողի մորը, որը մանկապարտեզի տնօրեն է, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը հրաժարվում է արձակուրդ տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թիվ 110 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Քոթանջյանը:
Նա պատմեց, որ իր ժամկետային զինծառայող որդու՝ Արտյոմի, ծառայությունն անցել է Շուշիում: Պատերազմի օրերին տևական ժամանակ որդու հետ չխոսելուց հետո, Արտյոմը զանգել, հայտնել է, որ վիրավորում է ստացել ոտքի հատվածում, տեսողության խնդիրներ են առաջացել և ուժեղ գլխացավեր ունի. «Տղայիս մի աչքն ընդհանրապես չի տեսնում, գլխացավերը չեն դադարում։ Անհանգստանում եմ՝ արդյոք դեղ կա՞, թե՞ ոչ։ Ինքն էլ պարտադիր ծառայության մեջ է, չեմ կարող գնալ, բերել», - ասաց նա։
Մանկապարտեզի տնօրենը, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողներին արձակուրդ է տրամադրվելու, որոշում է դիմում գրել և օրենքով սահմանված կարգով՝ իր հասանելիք 25 աշխատանքային օր արձակուրդը վերցնել՝ որդու վերադառնալուն պես նրա առողջական խնդիրներով զբաղվելու համար. «Նոյեմբերի 25-ին արձակուրդ ստանալու դիմում գրեցի, սակայն Նոր Նորք վարչական շրջանի կրթության վարչությունից տեղեկացրին, որ դիմումս չեն բավարարել՝ հիմնավորելով, թե իմ նկատմամբ կարգապահական տույժ կա: Հայտնեցին նաև, որ արձակուրդիս դիմումը պատռել ու նետել են: Ասում եմ՝ չէ՞ որ այն օրինական փաստաթուղթ է, ո՞նց կարող էիք պատռել, ասում են՝ եկեք նորից գրեք: Բայց ես չեմ պատրաստվում կրկին գրել, երբ երեխաս վերադառնա այդ ժամանակ կգրեմ»,- նշեց զինծառայողի մայրը։
Լուսինե Քոթանջյանի խոսքով՝ իր նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի և տնօրեն նշանակվելու օրվանից ի վեր վատ վերաբերմունքի է արժանանում վարչական շրջանի ղեկավարության կողմից. «Բանն այն է, որ դեռևս 2019-ին, երբ նշանակվեցի մանկապարտեզի տնօրեն, պարզեցի, որ մանկապարտեզն ունի միլիոնավոր դրամների պարտք: Խնդիրները բարձրաձայնելուց հետո արժանացա վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի և վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի կողմից հետապնդումների: Սպառնում էին, որ չեմ աշխատելու:
Նոյեմբերի 16-ին վերոնշյալ անձինք մտան մանկապարտեզ՝ ստուգումներ անելու։ Եկան 1979 թ. կառուցված ու չվերանորոգված շենքում անձեռոցիկով փոշու առկայություն ստուգելու, բայց փոշի չգտնելուց ու խոհանոցում խնդիր չտեսելուց հետո մտան պահեստ։ Ըստ իրավական ակտերի, եթե, օրինակ, ափսեն ճաքում է, իրավունք չունենք դա օգտագործել, ուղարկում ենք պահեստ ու այնտեղից դուրս գրում։ Տեսան դուրս գրման ենթակա 2 շերեփ, որոնց պոչերը զոդված են։ Մանուկյանն ասաց՝ նկատողություն կտա ու աշխատանքից ազատման կարգադրություն։ Թեև բացատրեցի, որ ազատման հիմք չկա, դրանք դուրս գրման շերեփներ են, այնուամենայնիվ, հաջորդ օրն ինձ կանչեցին բացատրագիր գրելու»,- պատմեց մանկապարտեզի տնօրենը:
Նա նշեց, որ դատարանում բողոքարկել է այդ տույժի իրավաչափությունը, քանի որ այն հիմնազուրկ է:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը: