Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին` հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների և վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաև զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ այսօր մասնակցել են «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հա տարածքի մաքրման աշխատանքներին: Հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

Աղբյուրը նշում է, որ տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները տեսնելով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս հանպատրաստից մասնակցել է Երևանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին: 

Մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր, «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և «Փարոս» անտառպուրակի հարակից տարածքները: