Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:

«Թշնամին շատ լավ գիտի, եւ ես` որպես զինվորական, ասում եմ նրան, որ ոչ մի հանցագործություն, ոչ մի սպանություն, ոչ մի հիմար արարք Իրանի ժողովրդի նկատմամբ անպատասխան չի մնա»,- ասել է նա Թեհրանում Ֆախրիզադեի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, որը հեռարձակվել է պետական ​​հեռուստատեսության կողմից:


Նրա խոսքով` սպանության նպատակը հասարակության համախմբվածության խաթարումն էր, սակայն սպանության հետեւում կանգնած մարդկանց դա չհաջողվեց:

Միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել էր նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում մահափորձի արդյունքում, նա ծանր վիրավորվել էր եւ մահացել հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ սպանված գիտնականը գերատեսչությանն առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր:

Իրանի փոխնախագահ եւ երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, ասել էր, որ Ֆախրիզադեն հիմնականում զբաղվում էր երկրի` միջուկային հարվածից պաշտպանության հարցերով:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել էր գիտնականի սպանությանն Իսրայելի մասնակցության մասին` միջազգային հանրությանը կոչ անելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը եւ դատապարտել «պետական ​​ահաբեկչության» արարքը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ միջուկային ֆիզիկոսի սպանությունն անպատասխան չի մնա: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը, պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանը, հայտնել էր, որ չի մեկնաբանում Իրանի իշխանությունների հայտարարությունները Ֆախրիզադեի սպանությանը հրեական պետության մասնակցության մասին: