ՀԱՊԿ երկրների ղեկավարների հեռավար Վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն կատարվում է: Նա հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է դժվար որոշում. «Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ հիմա սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները», հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքից հետեւում է, որ Փաշինյանին պահելը նաեւ ՀԱՊԿ խնդիրն է: Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը՝ 17 կուսակցությունները բողոքի ակցիաներ են անում, պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Այն բանից հետո, երբ Լավրովը զգուշացրեց, որ չպետք է այդ ցույցերն ազդեն եռակողմ փաստաթղթի կատարման վրա, ընդդիմադիրները հայտարարեցին, որ իրենց պայքարը Ռուսաստանի ու փաստաթղթի դեմ չէ, բացառապես Փաշինյանի դեմ է: Ընդդիմության հռետորաբանությունը պատերազմական իրողությունների վերաբերյալ հանգել է նրան, որ Պուտինը միշտ ճիշտ է, չի կարող սխալ լինել, եւ Փաշինյանին մեղադրել են հենց Պուտինին բարկացնելու համար:
Ստացվում է, որ վարչապետի հրաժարական պահանջող հայաստանյան կուսակցությունները այժմ արդեն պայքարում են Պուտինի դե՞մ: Սակայն Մոսկվայի քաղաքական ծրագրերի տրամաբանությունը ենթադրում է, որ մի ձեռքով աջակցելով, մյուս ձեռքով Մոսկվան Նիկոլ Փաշինյանին պահում է ներքին կոշտ ճնշման տակ:
17-ի ձեւաչափը հայտարարել է պայքարը շարունակելու մասին, քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների միջոցով, ինչը ուղիղ նշանակում է հակադրվել խաղաղ կյանքի կարգավորման խնդրին, որի մասին ՀԱՊԿ նիստին խոսել է Պուտինը: Այս պարագայում ՀԱՊԿ-ը հատկանշական է, որովհետեւ ունի արագ արձագանքման խմբեր, որոնք իրենց հերթին նախատեսված են հենց անդամ երկրներում ներքին կայունության ապահովման համար, եթե տվյալ երկիրը դիմի ՀԱՊԿ-ին:
Արդյոք ներքին դիմակայությունը Հայաստանում կարող է հասնել մի հանգրվանի, կամ հասցվի մի հանգրվանի, երբ Հայաստան կմտցվեն արագ արձագանքման ուժեր «ներքին կարգուկանոնը եւ խաղաղ կյանքը կազմակերպելու» համար: Հնարավոր սցենար է, եթե Հայաստանի իշխանությունը կամ ընդդիմությունը փորձեն դուրս գալ Մոսկվայի ծրագրերի շրջանակից, թեեւ երկուսն էլ հավատարմություն են հայտնել դրանց: Առայժմ, Նիկոլ Փաշինյանը կատարում է իր բոլոր պարտավորությունները, իսկ 17 կուսակցությունները՝ հանրության մեջ հուսահատություն սերմանելու գործառույթը:
Այստեղ էլ երկրորդ հանգամանքն է. ի՞նչ որոշումների իրագործման մասին է խոսում ՌԴ նախագահը, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը կարծես թե արել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենից հասանելիքը, կամ ամենաբարդը՝ հանձնել է տարածքները: Էլ ի՞նչ բարդ որոշումներ կան, որի համար ՌԴ նախագահը կարեւոր է համարում ՀԱՊԿ ղեկավարների աջակցությունն ապահովելը: Հատկանշական է, որ այս օրերին շատ է խոսվում նոյեմբերի 9-ի հրապարակված համաձայնագրի «գաղտնի հավելվածների» մասին: