60 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:
Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրս՝ որպես ամբիոնի վարիչ:
Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ:
Սամվել Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաև հոգեթերապիայով, մասնավորապես՝ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել։ Ստեղծել է մի շարք հոգեթերապևտիկ տեխնիկաներ և ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։
Նա վարել է նաև հոգեբանական հաղորդաշար (Հ1), իսկ Ար հեռուստաալիքում աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու։
Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։ Արդյունավետորեն համագործակցում էր արտերկրյա գործընկերների հետ և նախորդ տարում կազմակերպեց և հաջողությամբ իրականացրեց միջազգային աննախադեպ գիտական կոնֆերանս` Հայաստան բերելով ոլորտի անվանի անհատներին: