«Մենք չունենք Թուրքիայի հետ ինչ-որ սկզբունքային տարաձայնություններ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն օրինակ են, թե ինչպես են երկու անկախ երկրներն աշխատում իրենց քաղաքականությունն իրականացնելու շուրջ», ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

Նրա խոսքով՝ աշխարհում երկրների միջեւ անխուսափելիորեն ծագում են տարաձայնություններ, սակայն, եթե նրանք բաց են համագործակցության համար, կարող են հասնել շահերի բալանսի: «Դա տեղի է ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում, որոնք հիմնված են բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ շահերի վրա: Ներկայում մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը կհարթեր բոլոր այդ հակասությունները, կհաղթահարեր դրանք», ասել է նախարարը:

«Այդպիսի բոլոր դեպքերում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գտնում են շփման կետեր, ուղիներ սիներգիա գրանցելու, ջանքերը համադրելու համար: Ահա դա էլ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում», ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով եւ ունեն հեռանկարային ծրագրեր երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար:

«Լավ օրինակներից մեկը Սիրիան է: Հենց Աստանայի ձեւաչափն է ապացուցել ՄԱԿ-ի լիարժեք անգործության ֆոնին իր կայացած բնույթը: Եւ մենք ողջունում ենք Թուրքիայի մասնակցությունն այդ ձեւաչափում», ասել է Լավրովը:

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի գծով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզել Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների «աստանացումն» այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում:

«Հինգ տարի առաջ Ռուսաստանը եւ Թուրքիան ներկա չեն գտնվել կենտրոնական Միջերկրածովում, իսկ այժմ նրանք խաղ են վարում: Մենք ապրում ենք բազմաբեւեռ աշխարհում, որտեղ անդրկուլիսային գործեր գոյություն ունեն մի քանի խաղացողների միջեւ, որոնք դիմակայում են մյուսներին: Մենք դա անվանում ենք «աստանացում»: Ռուսաստանը եւ Թուրքիան սկզբում անջատ էին, բայց գտան ընդհանուր շահեր, իսկ այնուհետեւ պայմանավորվեցին կիսել իրենց ազդեցությունը: Դա տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի Է ունենում Լիբիայում: Դա արդեն տեղի է ունեցել Կովկասում», հայտարարել է Բորելը:

Հայկական ընդդիմությունը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժում սկսելու մասին, որի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Շարժման հանրահավաքում Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս տարածաշրջանում եթե կապված չես Ռուսաստանի հետ՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք, ասել է նա։

Վազգեն Մանուկյանը մաթեմատիկոս է եւ մաթեմատիկական հակիրճ ու հատու ոճով ձեւակերպել է հայկական «քաղաքական մտքի» մեծամասամբ ընդունված հավատամքը եւ սահմանը։ Ըստ էության, ռուս-թուրքական այս «սիներգիան» միայն վերջին տարիների քաղաքականությունը չէ, այն ունի երկու հարյուր տարվա պատմություն։ Հայ «քաղաքական միտքը» իր հավատամքը ձեւակերպելիս ինքզինքը չի տվել մի քանի պարզ հարց՝ եթե ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ, այդ դեպքում ի՞նչ անել, եթե ՌԴ-ն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, այդ թվում Հայաստանի հարցում։ Կամ, եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք, այդ դեպքում ի՞նչ անել, եթե Ռուսաստանն ու Թուրքիան են դաշինքի մեջ։ Միակ մաթեմատիկական ճշգրիտ ու հատու պատասխանը նման պարագային մեկն է՝ ցեղասպանվել ու հայրենազրկվել, ինչն էլ տեղի է ունենում 200 տարի շարունակ։

Հայ «քաղաքական միտքը» սակայն շարունակում է հիմնավորումներ փնտրել, եւ ընդամենը կրկնում է 200-ամյա մանթրան՝ Թուրքիան հարձակվեց, Ռուսաստանը չէր կարող կանխել ու միջամտել, բայց վերջին պահին փրկեց։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/06/605838/