Իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Sport24-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հետաքրքրության մասին: Դեկտեմբերի 5-ին 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն էր նշել Իսպանիայի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով «Խետաֆեի» դեմ հանդիպման (3:0) 83-րդ րոպեին։

Դու ասում էիր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից քեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով ու «ВКонтакте»-ում՝ գրելով հաղորդագրություն: Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է:


Այո, ինձ գրել են, առաջարկել ու հետաքրքրվել: Սակայն ես երբեք չեմ մերժել ու չեմ էլ համաձայնել:

Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը ևս հանդես են եկել Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն ընտրել են Հայաստանի ազգային հավաքականը: Հիմա վա՞ղ է խոսել այն մասին, թե որ հավաքականը դու կընտրես:

Ես պարզապես հիմա չեմ մտածում այդ մասին ու չեմ կենտրոնանում դրա վրա: Այդ գործին պետք է վերաբերվել շատ լուրջ ու հանգիստ:

Հետևու՞մ ես Հայաստանի հավաքականին: Վերջերս նրանք Ազգերի լիգայում հաղթեցին խմբում և հայտնվեցին B դիվիզիոնում:

Այո, ես հետևում եմ Հայաստանի հավաքականին, դիտել եմ մի քանի խաղեր: Ես շատ ուրախ էի, որ նրանք B դիվիզիոնի ուղեգիր նվաճեցին հայ ազգի համար այդքան բարդ շրջանում:

«Լևանտեն» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» դեմ: Ի՞նչ մտքեր ունես՝ կապված «Բարսելոնայի» հետ:

Չեմ մտածել «Բարսելոնայի» մասին, քանի որ փորձում եմ առաջ չընկնել: Ցանկանում եմ վայելել օրը նորամուտից հետո, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ խոսքեր են գրել ինձ, հաղորդակցվել մտերիմների ու հարազատների հետ: Դեռ չեմ մտածում հաջորդ շաբաթվա մասին:

Եթե դաշտ դուրս գաս «Բարսելոնայի» դեմ խաղում, դա առանձնահատուկ իրադարձություն կլինի՞ քեզ համար:

«Բարսելոնան» իմ երազանքների ակումբն է: Երբեք չեմ թաքցրել դա ու չեմ էլ թաքցնի: «Նոու Կամպում» խաղալն անհավանական իրադարձություն է, առնանձնահուկ զգացողություն: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Հուսով եմ՝ միայն լավը:

Էդգար Սևիկյանը ծնվել է Մոսկվայում, «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է, «Լեւանտե» տեղափոխվել է 2017թ․ հուլիսին 225 հազար եվրոյի դիմաց։ Նա հանդես է եկել Ռուսաստանի Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 եւ Մ-20 հավաքականներում։

Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականում Սևիկյանը նորամուտը նշել է 17 տարեկան 11 ամսականում։